Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Եկեղեցին և խաղատունը շատ նման են իրար»

«Եկեղեցին և խաղատունը շատ նման են իրար»
17.05.2013 | 11:27

Հայաստանի ամենահարուստ օլիգարխներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, օրեր առաջ Աբովյան քաղաքում բացված եկեղեցու արարողության ժամանակ իրար գլխի էր հավաքել քաղաքական վերնախավին և հավատացյալ հանրությանը: Եկեղեցու բացման օրը տեղի ունեցավ նաև մեկ այլ արարողություն՝ հանգստի և ժամանցի «Փարավոն» համալիրի բացումը:
Եկեղեցու այսօրվա դերի, իշխանություն-եկեղեցի հարաբերություններին առնչվող մեր հարցերն ուղղեցինք թատերագետ, մշակութաբան ԱՐԱ ՆԵԴՈԼՅԱՆԻՆ:
-Պարոն Նեդոլյան, ինչպե՞ս եք բնութագրում այսօր իշխանություն-եկեղեցի, հասարակություն-եկեղեցի, իշխանություն-հասարակություն փոխհարաբերությունները Հայաստանում:
-Վերջերս մենք տեսնում ենք եկեղեցու դերի մեծացում կրթական համակարգում: Տեսնում ենք նաև եկեղեցու բացահայտ քաղաքական հավակնությունները, թեև իրենք դա հերքում են: Համամիտ եմ արվեստի քննադատ Նազարեթ Կարոյանի այն կարծիքին, որ եկեղեցին միակ հաստատությունն է, որը մեկտեղում է տարբեր ճամբարների բաժանված քաղաքական վերնախավին: Ինչո՞ւ է այդպես: Մենք, որպես հասարակություն, կրեցինք զգալի, թեև չէի ասի՝անդառնալի կորուստներ, ինչը հնարավորություն չի տալիս մեզ կյանքը կազմակերպել բանական հիմունքներով: Անկախ այն բանից, դա կոչվում է սահմանադրական հիմունքներ, թե երկրի արդիականացում, որոնք կոդեքսներ են: Դրանք, ըստ էության, հոմանիշներ են՝ կյանքը կազմակերպել բանական հիմունքներով: Երբ դա կյանքի չի կոչվում, լինում է հակառակը՝ կյանքը կազմակերպվում է ոչ բանական հիմունքներով: Ոչ բանական մոտեցումներով է կազմակերպված մեր իշխանությունը, որովհետև նա պատերազմող երկրի իշխանություն է և լավ գիտի խիզախության, կռվելու և հաղթելու գաղտնիքը: Ընդ որում, իշխանությունը հաղթանակ է տարել հասարակության նկատմամբ, որովհետև չի կարելի ասել, թե այսօրվա իշխանությունն այն մարդիկ են, որոնք հաղթել են պատերազմում: Պատերազմում Հայաստանը հաղթեց Ադրբեջանին, որովհետև 1988-ին Հայաստանի հասարակությունն ուներ արդիական, ազատական մոտեցումներ: Հիմա մենք ունենք իշխանական իռացիոնալիզմ, եկեղեցական իռացիոնալիզմ, որը փակում է մեր առջև սեփական պատմության գիտակցման հնարավորությունը՝ տեղը դնելով սրբազան պատմությունը, այսինքն՝ միֆ: Այդ դեպքում, երբ մարդը հիասթափվում է և տեսնում, որ ինքը չի կարող իր կյանքը տնօրինել բանական հիմունքներով, դառնում է ֆատալիստ և արձանագրում իր կապիտուլյացիան: Դրանով է պայմանավորված եկեղեցու շուրջ այդ ժամանակավոր համախմբումը:
-Ժամանակավո՞ր է այդ ամենը:
-Այո, ժամանակավոր է , որովհետև 88-ից սկսած մենք անընդհատ ձգտում ենք ստեղծել բանական հասարակություն: Ես, իհարկե, տեսնում եմ, որ այն մարդիկ, ովքեր ուզում են իրենց կյանքը նախագծել բանական հիմունքներով, արտագաղթում են, հասարակության հավաքական ուժը նվազում է: Սակայն հասարակություն, ոչ թե հոտ կառուցելու ձգտումը շարունակելու է մնալ:
-Դուք ասում եք, որ նկատելի է եկեղեցու դերի մեծացում: Մարտի 1-ից հետո եղան նոր ժամանակներում եկեղեցու դերի, առաքելության, հասարակության հետ հարաբերությունների դիսկուրս ծավալելու առանձին փորձեր, որոնք հետո մարեցին:
-Այդ գործողությունները գալիս էին նույն շարքից՝ կյանքը բանական հիմունքներով կառուցելու փորձերից: Այդ ժամանակաշրջանում առաջ եկավ նոր մտավորականություն, որը խնդիրները ձևակերպում, հարցերն առաջ էր քաշում՝ ելնելով բանական մոտեցումներից և իր կյանքը նույնականացրել էր քաղաքական նոր շարժման հետ: Հիմա, քանի որ կյանքը փոխելու ժամանակավոր փորձը չհաջողվեց,
մտավոր աշխատանքն էլ ինչ-որ տեղ անկում է ապրում: Հիմա քաղաքական գործունեությունից հետո առաջացել են ինչ-ինչ հիասթափություններ: Կար կյանքը կտրուկ փոխելու անհրաժեշտություն, սակայն ի հայտ եկան օբյեկտիվ դժվարություններ:
-Եկեղեցու և խաղատան միաժամանակյա բացումը վկայությունը չէ՞ այն բանի, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերում իշխող վերնախավը հասարակության նկատմամբ: Քաղաքական վերնախավը եկեղեցու բացման արարողությունից հետո մասնակցել է նաև ժամացային համալիրի բացմանը:
-Եկեղեցին և խաղատունը շատ նման են իրար: Գնում ես խաղատուն, դնում խաղադրույք և գուցե շահես երջանկություն: Գնում ես եկեղեցի, աղոթում և նույնպես շահում երջանկություն: Այսինքն, ոչ ռացիոնալ ձևով շահում ես երջանկություն: Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը, տվյալ դեպքում, սնահավատությունն է:
-Համացանցում հայտնված լուսանկարները նաև ի ցույց դրեցին իշխող վերնախավի և հասարակության միջև խզվածությունը: Արդյոք սա չի՞ նշանակում, որ հասարակությունը մենակ է մնացել և տարանջատվել նաև այն քաղաքական ուժերից, որոնք մինչև վերջերս հասարակության կողքին էին:
-Սա երկկողմանի դժբախտություն է: Հասարակությունը չկարողացավ համախմբվել քաղաքական ուժերի շուրջ, կար տարակուսանք, թերահավատություն: Ինչ-որ ժամանակ ՀԱԿ-ը հասարակությանը համախմբող ուժ էր, և դա տեղի էր ունենում մինչև 2011-ը: Նույնն անում էր Րաֆֆի Հովհաննիսյանը, հայտարարելով, թե պետք է վայր դնել կուսակցական դրոշները, ինքը <ժառանգությունը> չէ, ամբողջ հասարակությունն է: Հետո, սակայն, տեղի ունեցավ խզում: Այսինքն, նրա մտքով անցավ, որ ինքը ներկայացնում է միայն իրեն: <Հայ ազգային կոնգրես> կուսակցություն ստեղծելու նպատակն այն էր, որ ներկայացնեն ոչ թե ամբողջ հասարակությանը, այլ՝ իրենց համայնքը, ընկերներին, համախոհներին: Թվում է, թե ամեն ինչ արված է ժողովրդավարական սկզբունքներով, ստեղծված է համախոհների կուսակցություն: Իրականում, սակայն, կա խզում: Մի կառույց, որը պետք է իր շուրջը համախմբեր հասարակությանը, դառնում է իր համախոհներին ներկայացնող օրգան: Րաֆֆին նույնպես չկարողացավ իրականացնել այդ համախմբող դերը, թեև բոլորին հրավիրում էր, որ գնան, իրենց տեսակետները ներկայացնեն: Փաստորեն, ինչ-որ ժամանակ հասարակությունն ու քաղաքական ուժերը կարող են համախմբվել, իսկ հետո տեղի է ունենում խզում: Հասարակությունը շատ ծանր է տանում այդ խզումը, և շատ երկար ժամանակ է պետք, որպեսզի կարողանա նոր բերք աճեցնել: Երբ քաղաքական ուժերն սկսում են իրագործել իրենց սեփական ռազմավարությունը, առաջանում է մրցակցություն, որի նպատակն է հասնել իշխանության: Այս դեպքում արդեն դրվում են ոչ թե համահասարակական, այլ տարբեր քաղաքական խմբերի հետ մրցակցելու խնդիրներ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2479

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ